Լինելով Հայաստանի ամենամեծ և ամենածանրաբեռնված օդային դարպասը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերջին տասնամյակում շարունակում է զարգանալ մեծ տեմպերով: Նման զարգացումները մեծ մարտահրավեր են հատկապես օդանավակայանի ներքին Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայության համար, որի հակահրդեհային սարքավորումների և հարմարությունների արդիականացման համար վերջին տարիներին իրականացվել են մեծ ներդրումներ:

«Զվարթնոց» օդանավակայանում ՕՓՀ կայանները տեղակայված են ուղղակիորեն թռիչքադաշտում՝ ապահովելու  արագ արձագանք (2-3 րոպեում) ինքնաթիռի հետ կապված ցանկացած միջադեպի դեպքում, ինչպես և պահանջում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO):

ՕՓՀ ծառայությունն ապահովված է երեք ժամանակակից Striker-3000 ՕՓՀ մեքենաներով, որոնք նախատեսված են օդանավերի հրդեհաշիջման համար և, որպես այդպիսին, ապահովված են երեք տարբեր հրդեհաշիջման միջոցներով՝ ջուր, փրփուր և չոր քիմիական հրդեհաշեջ նյութով: Այս մեքենաներից յուրաքանչյուրը փոխադրում է 3000 գալոն ջուր, 420 գալոն փրփուրի խտանյութ և 225 կգ չոր քիմիական հրդեհաշեջ նյութ: Յուրաքանչյուր ավտոմեքենայի հրշեջ պոմպ ապահովում է առաջնային հրդեհաշեջ նյութի 125լ/վ արտադրողականություն:

ՕՓՀ ծառայությունն ապահովում է օդանավերի և թռիչքադաշտի շուրջօրյա հակահրդեհային պահպանություն: Տարիներ շարունակ ՕՓՀ ծառայությունը ծառայել է իր առաջնային նպատակին և առաքելությանը. այն է՝ փրկել կյանքեր՝ ուղևորներին բարձրորակ հրշեջ-փրկարարական ծառայություններ մատուցելու միջոցով:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար կարևոր է մշտապես ապահովել հրշեջ անձնակազմի պատրաստվածության մակարդակը օդանավակայանի զարգացումներին համահունչ: Հետևաբար, համաձայն ԻԿԱՕ պահանջների, անձնակազմի յուրաքանչյուր անդամ անցնում է տեսական և ֆիզիկական պատրաստվածություն, որի արդյունքում գնահատվում է նրանց կարողությունները մի քանի մակարդակով, ինչը և արտացոլում է նրանց համապատասխանության մակարդակը՝ որպես հրշեջ աշխատելու համար: