Օդանավակայանների վերգետնյա սպասարկման ծառայությունները, կարող է թվալ, որ այնքան էլ ուղևորի հետ չեն առնչվում, սակայն, դա միայն առաջին հայացքից է այդպես: Իրականում այս ծառայությունն առանց առանձնապես աչքի ընկնելու ծառայում է թե՛ օդանավերին, թե՛ ուղևորներին՝ սկսած օդանավերը քարշակելուց և հետ հրելուց, մինչև ուղեբեռի հանձնումն ու հաշմանդամ ուղևորներին հատուկ տեխնիկայով օդանավից իջեցումը:


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկումն իրականացնող «Զվարթնոց Հենդլինգ» ընկերությունը թե՛ հատուկ օդանավակայանային տեխնիկայի առկայությամբ, թե՛ աշխատանքի կազմակերպվածությամբ տարածաշրջանում լավագույնն է: Ներկայումս վայրէջք կատարած օդանավի կանգառից 6 րոպե անց առաջին ուղեբեռը դրվում է ժապավենին, նախկին մեծածավալ քարշակներին փոխարինում են փոքրածավալ, բայց շատ հզոր Schopf  քարշակները, իսկ հաշմանդամ ուղևորներին օգնելու համար հատուկ ամբուլատոր վերելակ է ձեռք բերվել:

 

 «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ կողմից ոչ կանոնավոր չվերթներին մատուցվող վերգետնյա սպասարկման պայմաններ


Կից ներկայացված փաստաթուղթը հանդիսանում է «Զվարթնոց» միջազգային  օդանավակայանից և/կամ «Շիրակ» օդանավակայանից կատարվող բոլոր ոչ կանոնավոր չվերթների «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ի (այսուհետ` Սպասարկող Ընկերություն) կողմից վերգետնյա սպասարկման ծառայությունների մատուցման հրապարակային առաջարկ:  Ընկերությունն իրավական կարգավիճակով հաստատված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան. հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Վերգետնյա սպասարկման ստանդարտ համաձայնագիր

Սույն հրապարակային առաջարկը կհամարվի փոխադրող ավիաընկերության (այսուհետ` Փոխադրող) կողմից ընդունված և Սպասարկող Ընկերության ու Փոխադրողի համար պարտադիր վերգետնյա սպասարկման համաձայնագիր այն դեպքում, եթե վերգետնյա սպասարկման համար հայտ ներկայացրած և նշված ուղղություններից ոչ կանոնավոր չվերթ  իրականացնող Փոխադրողը Սպասարկող Ընկերության հետ չի ստորագրել տվյալ ոչ կանոնավոր չվերթի համար կիրառելի պայմանագիր և օդանավակայանից ստացվել է թռիչք/վայրէջքի ժամանակահատվածի հաստատում: