Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա:
Ներկայիս գործող օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982 թ.: Վազքուղու վրա և թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ չէին իրականացվել, ինչի պատճառով թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ կառամատույցում, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: 


2007թ. ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ: