10/08/2021

«Շիրակ» օդանավակայանում կառուցվում է նոր ժամանման սրահ, իրականացվում է վազքուղու ամբողջական նորոգում



Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, իրականացվում է վազքուղու ամբողջական նորոգում:
«Շիրակ» օդանավակայանի ժամանման հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ:
 
Կառուցվող նոր ժամանման սրահը կունենա 870 քառակուսի մետր մակերես, որտեղ կգործեն Անձնագրային հսկողություն իրականացնող ծառայության 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որոնց շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները:
 
Նոր ժամանման սրահը կունենա բավականաչափ թողունակություն՝ ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորությամբ, որն անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր է մինչև 3 անգամ ավելացնել:
«Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը կազմում է տարեկան 250.000 ուղևոր, որը կհասցվի մինչև 700.000 ուղևորի:
 
Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբեր ամսին:
Միևնույն ժամանակ ընթացքի մեջ են գտնվում վազքուղու ամբողջական նորոգման շինարարարական աշխատանքները, որոնք մեկանարկել են սույն թվականի հուլիսի 15-ին և նախատեսվում են ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 1-ը:
Հարկ է նշել, որ թեև վազքուղու ասֆալտապատ ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանում վազքուղու վերանորոգման աշխատանքների անհնրաժեշտություն առաջացել է 14 տարի անց (վերջին անգամ նորոգվել էր 2007 թվականին), ինչը փաստում է նախկինում իրականացված աշխատանքների բարձր որակը:
 
14 տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ և բազմատիպ ճաքեր ու վնասվածքներ և, ելնելով վազքուղու փաստացի վիճակից, անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել վերանորոգման աշխատանք:
«Շիրակ» օդանավակայանում իրականացված ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդումն իրականացվել է ժամանման սրահի կառուցման համար, իսկ 6 միլիոն ԱՄՆ դոլարը՝ վազքուղու կառուցման: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:
 
«Շիրակ» օդանավակայանի զարգացման հետ կապված կան այլ հեռանկարային ծրագրեր ևս, որոնք հարկավոր է քննարկել ՀՀ կառավարության հետ:
 
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի վազքուղին ունի 3220մ երկարություն և 45մ լայնություն: 2007թ. ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել էր ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:
 
Նշենք նաև, օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
 
http://www.zvartnots.aero/Img/CMS/shirak2.jpghttp://www.zvartnots.aero/Img/CMS/shirak3.jpg
Վերադառնալ