Մաքսային հսկողություն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ։ Ֆիզիկական անձինք կարող են ինքնուրույն ընտրություն կատարել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև։

«Կարմիր» ուղին նախատեսված է ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման կամ, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ։

«Կանաչ» ուղին նախատեսված է ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման:

Ուշադրություն

«Կանաչ» ուղու մուտքի (ելքի) գիծը ֆիզիկական անձի կողմից հատելը մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի պահանջելու ֆիզիկական անձից՝ ներկայացնելու ԵԱՏՄ մաքսային սահմանով առանց մաքսային հայտարարագրման տեղափոխվող ապրանքները։

Անձնական օգտագործման են համարվում այն ապրանքները, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար։

Մաքսային մարմինը ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացնում է ելնելով՝ ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, ապրանքների բնույթից և քանակից, ինչպես նաև ֆիզիկական անձի՝ ԵԱՏՄ մաքսային սահմանը հատելու և ապրանքները ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից:

ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու լրացուցիչ չափանիշները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

*Անկախ նշված չափանիշներից՝ անձնական օգտագործման ապրանքների շարքին չեն դասվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածով սահմանված ապրանքների կատեգորիաները։

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետևյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)՝

1.Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10.000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը՝ ներառյալ ծխախոտ և ծխախոտային արտադրանք հետևյալ չափաքանակներով՝        

  • 200 սիգարետ,
  • կամ 50 սիգար (սիգարիլլա),
  • կամ 250 գրամ ծխախոտ,
  • կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով:

2. Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր՝ 3 լիտր։ Անհրաժեշտ է հիշել՝ 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր ներմուծելիս՝  3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով ենթակա են վճարման 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։

Կարևոր է Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք:

Կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների տեղափոխում

Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը, ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։

Կանխիկ դրամական միջոցները և դրամական գործիքները՝ անկախ արժեքից ու քաշից, տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։

Ուշադրություն

Ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։

Ի գիտություն

Կանխիկ դրամական միջոցներ են համարվում շրջանառության մեջ գտնվող և օրինական վճարամիջոց հանդիսացող՝ թղթադրամների և գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշները, բացառությամբ` թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների (ներառյալ՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշների հետ փոխանակման ենթակա դրամանիշները)։

Դրամական գործիքներ են համարվում ճանապարհային չեկերը, մուրհակները, չեկերը (բանկային չեկերը), ինչպես նաև փաստաթղթային արժեթղթերը, որոնցով հաստատվում է թողարկողի (պարտապանի)՝ դրամական միջոցներ վճարելու պարտավորությունը և որոնցում նշված չէ այն անձը, որին կատարվում է այդ վճարումը։

Մաքսային հայտարարագրման ենթակա են

1. Չուղեկցվող ուղեբեռում ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները կամ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքները։

2. Ցանկացած եղանակով տեղափոխվող անձնական օգտագործման այն ապրանքները, որոնց հետ կապված, պահպանվում են արգելքներն ու սահմանափակումները, և պահանջվում է ներկայացնել դրանց պահպանումը հաստատող փաստաթղթեր և տեղեկություններ։

3. Անձնական օգտագործման ապրանքները, որոնց հետ կապված ենթակա են վճարման մաքսատուրքեր, հարկեր։

4. Անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք ներմուծվում են ուղեկցվող ուղեբեռում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ։

5. Ցանկացած եղանակով ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, բացառությամբ՝ անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների։

6. ԵԱՏՄ մաքսային տարածքում գտնվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում։

7. Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում  է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

8. Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի։

9. Մշակութային արժեքները, որոնց մասով պահպանման են ենթակա արգելքներ և սահմանափակումներ։

10. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքները։

11. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասերը (այսինքն ՀՀ լիազոր մարմնի կողմից հաշվառման, գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների մասերը, որոնք փոխարինվել են)։

12. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-րդ կետում նշված ապրանքները. ԵԱՏՄ մաքսային սահմանով մահացածների մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների տեղափոխումը։ Այս դեպքում  որպես հայտարարագիր կարող է օգտագործվել ուղեկցող անձի կողմից ազատ ձևով շարադրված դիմումը:

Որոշ ապրանքատեսակների տեղափոխման հետ կապված սահմանափակումներ

1. Օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված դեղեր՝ մինչև 10 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով (դեղատոմս կամ քաղվածք հիվանդության պատմագրից կամ բժշկի ստորագրությամբ այլ փաստաթուղթ) հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

2. Առանց բուսասանիտարական հավաստագրի թույլատրվում է ՀՀ տարածք ներմուծել բարձր բուսասանիտարական ռիսկայնության` մինչև 5 կգ ենթակարանտինային ապրանքներ (բացառությամբ` սերմային և արտադրական կարտոֆիլի, աճեցման և գիտահետազոտական նպատակով ներմուծվող նյութերի), ինչպես նաև դդումի, սեխի և ձմերուկի ներմուծման դեպքում` մինչև 1 հատ, իսկ  ծաղիկների ներմուծման դեպքում` մինչև 3 փունջ (մեկ փունջը 15 հատ) չափաքանակի:

3. Առանց անասնաբուժասանիտարական հավաստագրի և թույլատվության արգելվում է` անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր ապրանքների, կենդանիների, կենդանականան ծագման մթերքի, հումքի ներմուծումը ՀՀ տարածք և արտահանումը ՀՀ տարածքից (բացառությամբ` մեկ ֆիզիկական անձի կողմից գործարանային փաթեթով կենդանական ծագման պատրաստի մինչև 5 կգ արտադրանքի ներմուծման` ապրանքի արտադրող և արտահանող երկրների անասնահամաճարակային ապահովության պայմանով, ինչպես նաև շուն և կատու ոչ ավելի քան 2 գլուխ):

Ինչպե՞ս լրացնել ուղևորային մաքսային հայտարարագիր

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, որի լրացման կարգը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշմամբ։

Որպես անձնական օգտագործման ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ 16 տարին լրացած  ֆիզիկական անձինք: 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների մասին տեղեկությունները նշվում են նշված անձանց ուղեկցող անձի անձնական օգտագործման ապրանքների մասին տեղեկությունների հետ միասին՝ մեկ ուղևորային մաքսային հայտարարագրի մեջ:

Ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացվում է ռուսերենով, անգլերենով կամ հայերենով, իսկ մաքսային մարմնի թույլտվությամբ՝ այլ օտար լեզվով, որին տիրապետում են այն մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, ուր պետք է ներկայացվի այդ մաքսային հայտարարագիրը:

Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևաթուղթը հայերեն լեզվով

Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևաթուղթը ռուսերեն լեզվով

Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևաթուղթը անգլերեն լեզվով

Ուշադրություն. Ձևաթուղթը պետք է տպել A4 կամ A5 ձևաչափի թղթի վրա՝ մեկ թերթի վրա երկու կողմից

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.src.am կայքէջ կամ զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն` +374-60-844444 կամ անվճար 080-001008 հեռախոսահամարներով:

Ուշադրություն

Սույն տեղեկատվությունը կրում է ծանուցողական բնույթ 

Հարգելի՛ քաղաքացիներ,

Եթե ձեզ մոտ առկա են պարտադիր հայտարարագրման ենթակա ապրանքներ կամ ապրանքներ, որոնց համար գործում են ՀՀ սահմանով տեղափոխման արգելքներ կամ սահմանափակումներ, կամ դուք տեղափոխում եք ապրանքներ, որոնք իրենց բնույթից և տեղափոխման քանակներից ելնելով՝ չեն կարող որակվել անձնական օգտագործման,  ինչպես նաև ունեք կասկածներ ձեզ մոտ առկա ապրանքների տեղափոխման արգելքների և սահմանափակումների վերաբերյալ, խնդրում ենք մոտենալ մաքսային մարմնի պաշտոնատար անձին՝ այդ ապրանքների մասով ձեր հետագա գործողությունների վերաբերյալ ցուցումներ ստանալու նպատակով։