Մաքսատուն

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետևյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)՝

1.Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10.000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը՝ ներառյալ ծխախոտ և ծխախոտային արտադրանք հետևյալ չափաքանակներով՝  

  • 200 սիգարետ,
  • կամ 50 սիգար (սիգարիլլա),
  • կամ 250 գրամ ծխախոտ,
  • կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով:

2. Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր՝ 3 լիտր։ Անհրաժեշտ է հիշել՝ 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր ներմուծելիս՝  3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով ենթակա են վճարման 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։

Կարևոր է Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք:

Կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների տեղափոխում

Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը, ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։

Կանխիկ դրամական միջոցները և դրամական գործիքները՝ անկախ արժեքից ու քաշից, տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։

Ուշադրություն

Ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։



Բեռնասայլակ

Հ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որքա՞ն արժեն բեռնասայլակները:
Պ. Բեռնասայլակներն օդանավակայանում անվճար են:



Ձեռքի իրերի փոխադրում

Հ. Ո՞ր իրերն են արգելված ձեռքի ուղեբեռով փոխադրման համար:

Պ. Զվարթնոց միջազգային օդանավակայանից մեկնող ուղևորների ձեռքի իրերում արգելված առարկաների, նյութերի և միացությունների ցանկ:

Խնդրում ենք սեղմել ներքոհիշյալ վերնագրի վրա՝ արգելված առարկաների և իրերի փոխադրման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

Ձեռքի իրեր և ուղեբեռ 



Վերգետնյա փոխադրամիջոց

Հ. Վերգետնյա ի՞նչ փոխադրամիջոցից կարող եմ օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանելուն պես: 
Պ. Օդանավակայանի Ժամանման սրահից դուրս գալուն պես օդանավակայանի շենքի հարակից տարածքից կարող եք օգտվել ավտոբուսային երթուղիներից (N100 և N201):

Հ. Ո՞ր ժամերին է հնարավոր «Զվարթնոց» օդանավակայանում օգտվել ավտոբուսային երթուղիներից:
Պ. N201 ավտոբուսային երթուղին ժամը 7:00-ից մինչև 22:00-ն գործում է 30 րոպե միջակայքով, իսկ N100 երթուղին՝ ժամը 06:45-ից մինչև 21:45-ն ընկած ժամանակահատվածում գործում է յուրաքանչյուր 45 րոպե միջակայքով:

Հ. Որքա՞ն արժե ավտոբուսի ուղեվարձը և ինչպե՞ս կարող եմ վճարում կատարել:
Պ. Ուղեվարձը 300 դրամ է մեկ անձի համար: Այն անհրաժեշտ է  վճարել կանխիկ ՀՀ դրամով։



ԱԱՀ-ի վերադարձ

Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս, նախքան սահմանային անցակետը հատելը, կարող եք հետ ստանալ “Tax Free”  համակարգ կիրառող խանութներից ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ:



Կայանատեղի

Հ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որտե՞ղ կարող եմ կայանել ավտոմեքենան:
Պ. Դուք կարող եք օգտվել նոր համալիրի ավտոկանգառից, որն ունի 624 մեքենայի կայանման հնարավորություն: Կայանատեղիի սակագների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումով՝ 



Մուտքի արտոնագիր

Հ. Ե՞րբ և ի՞նչ ժամկետում կարող եմ ձեռք բերել մուտքի արտոնագիր:
Պ. Մուտքի արտոնագրի ստացման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ ինտերնետային կայքը` https://www.mfa.am/en/visa/
 
Հ. Ինչպե՞ս կարող եմ վճարել մուտքի արտոնագրի համար և ի՞նչ սակագներ են գործում:
Պ. Մուտքի արտոնագրի համար անհրաժեշտ է վճարել միայն հայկական դրամով.
  • մինչև 120 օրվա վիզա—15.000 ՀՀ դրամ,
  • մինչև 21 օրվա վիզա—3.000 ՀՀ դրամ,
  • մինչև 3 օրվա վիզա—10.000 ՀՀ դրամ,
  • մինչև 18 տարեկաններին վիզան տրվում է անվճար: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐ,

120, 21 ԵՎ 3 ՕՐՈՎ ՏՐՎՈՂ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ԴԱՎԻԹԱՇԵՆ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 17/10 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՎ:
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԻԶԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ (ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201 ՀՈԴՎԱԾՈՎ) 50.000-100.000 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԵՎ 1 ՏԱՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆՐԱ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ:



VIP ծառայություն

Հ. Ի՞նչ ծառայություններ է իր մեջ ներառում VIP Ծառայությունը: 
Պ. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի կոմերցիոն VIP ծառայությունը ներառում է՝

  • առանձնացված հաշվառման ծառայություն,
  • հավելյալ ուղեբեռի փոխադրման ծառայություն (VIP սրահից դեպի VIP ավտոկանգառ և հակառակ ուղղությամբ),
  • Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) թեյի մատուցում (անսահմանափակ քանակությամբ),
  • Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) սուրճի մատուցում (անսահմանափակ քանակությամբ),
  • ալկոհոլային խմիչքներ,
  • մեկ ոչ ալկոհոլային խմիչք (առկայության դեպքում):

Հ. Ո՞րքան է հարկավոր վճարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մատուցվող VIP ծառայության համար: 
Պ. VIP ծառայության համար գանձվում է 70.000 ՀՀ դրամ (մինչև 6 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար): 

Հաշվառում VIP սրահում, ուղեկցում սահմանային հսկիչ կետ, Բիզնես սրահի մուտքի թույլտվություն (ուղևորն անվտանգության և անձնագրային հսկիչ կետերն անցնում և գնում է ինքնաթիռ ինքնուրույն) – 40.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար (2 տարեկանից ցածր երեխաները սպասարկվում են անվճար, ամբողջական գանձումն իրականացվում է 2 տարեկանից բարձր երեխաների համար) :

Հ. Ինչպե՞ս կարող եմ օգտվել VIP ծառայությունից: 
Պ. Ամրագրումների համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան` զանգահարելով +374-10-493000, ներք. 7246 և 7292 (վճարումների հետ կապված հարցերի դեպքում) համարին կամ +374-77-229114  հեռախոսահամարով: Ինչպես նաև կարող եք պատվիրել ծառայությունն առցանց՝ այցելելով ստորև նշված էջը.

https://www.zvartnots.aero/HY/Payment

Էլ.փոստ`  
 

Հ. Ինչպե՞ս կարող եմ վճարում իրականացնել VIP ծառայության համար:

Պ. Ծառայության համար վճարումը հարկավոր է կատարել նախքան VIP ծառայույան տրամադրումը ՀՀ դրամով` կանխիկ կամ բանկային քարտի միջոցով: Դուք կարող եք փոխանակել Ձեր տարադրամը օդանավակայանում գործող բանկերի մասնաճյուղերից որևէ մեկում կամ արտարժույթի փոխանակման մեքենաների միջոցով:

Դուք կարող եք նաև վճարում իրականացնել առցանց՝ այցելելով ստորև նշված էջը.

https://www.zvartnots.aero/HY/Payment



Ուղեբեռի փաթեթավորում

Հ. Որքա՞ն արժե ուղեբեռի փաթեթավորումը:
Պ. Ուղեբեռի փաթեթավորման արժեքը 1.500 ՀՀ դրամ է: 



Ուղեբեռի պահասենյակ

Հ. Արդյո՞ք «Զվարթնոց» օդանավակայանում գործում է ուղեբեռի պահասենյակ:

Պ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործում է ուղեբեռի պահասենյակ, որը գտնվում է ժամանման սրահի հանրային գոտում: 1 կտոր ուղեբեռի մինչև 24 ժ պահելու վճարը`

մինչև 90x60x30 - 3.500 դրամ է

90x60x30-150x90x30 - 6.000 դրամ է: